Երևանում նորածին է մահացել. հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` 2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում)։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Սարսափելի դեպք. Երևանի կենտրոնում տղամարդն ընկել է բարձրահարկ շենքից ու մահացել

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։