Նիկոլ Փաշինյանն էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան». Արարատ Միրզոյանը խաղաղվելու մաղթանք է հղել

«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր»,- նշել է նա:

Իոաննիսյանը հուսով է, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը:

Նշենք, որ երեկ ԱԺ–ում չընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։ Նախագծի ընդունումը տապալվեց 54 կողմ, 3 դեմ ձայներով: Բանն այն է, որ որպես սահմանադրական օրենք Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կարող է ենթարկվել պատգամավորների թվի առնվազն 2/3-ի ձայներով: Այսինքն` ԱԺ 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկեին նախագծին: Ի դեպ, նիստին գրանցվել էր 69 պատգամավոր, որոնցից 12-ը, փաստորեն, քվեարկությանը չմասնակցեցին: