Սահմռկեցուցիչ դեպք Գեղարքունիքում. տղամարդը թաղման ժամանակ կտրել է համագյուղացու պարանոցը

43 տարեկան տղամարդը գերեզմանոցում մոտեցել է համագյուղացուն ու կտրել նրա պարանոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. գյուղի բնակիչներից մեկը՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը, իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևան։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։