ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

Նախարարը հիշեցրեց` նույնիսկ Եվրամիությունը, որը մանրամասն պատրաստվել է դրան, միասնական արժույթի ստեղծմանը հանգել է ձևավորվելուց բավականին երկար ժամանակ անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթ ներմուծելու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան։ Նրա խոսքով` այժմ օրակարգում այդ հարցը չկա։

Նախարարը հիշեցրեց` նույնիսկ Եվրամիությունը, որը մանրամասն պատրաստվել է դրան, միասնական արժույթի ստեղծմանը հանգել է ձևավորվելուց բավականին երկար ժամանակ անց։

«Մենք խոսում ենք փոխադարձ առևտրում ազգային արժույթներն օգտագործելու հնարավորությունն ընդլայնելու մասին։ Եվ դա շատ կարևոր թեմա է` մեր հաշվարկների ապադոլարացումը։ Երկրորդ թեման մինչև 2025թ-ը ընդհանուր արժույթային շուկայի ստեղծումն է», — ավելացրեց ԵԱՏՀ նախարարը։

Վալովայայի կարծիքով` ԵԱՏՄ երկրների միջև կոոպերացիայի զարգացման հիմնական խոչընդոտներն են շեղումները և արգելքները։ Որքան արգելքները նվազեն կազմակերպության ներսում, այնքան բիզնեսն իրեն հարմարավետ կզգա։ Նախարարը կարևոր թեմա է համարում ԵԱՏՄ երկրների օրենսդրության միասնականացումը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն նոր մարտահրավերներին հակազդելու արդյունավետ մեխանիզմներ մշակելու, արագ փոփոխվող համաշխարհային իրողություններին հարմարվելու կարիք ունի։