Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքված են

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հավաքել են անհրաժեշտ թվով ձայներ` ԱԺ արտահերթ հրավիրելու նախաձեռնության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա երկուշաբթի` հոկտեմբերի 29-ին, ժամը 11։00-ին ԱԺ-ը արտահերթ նիստ կգումարի` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ առաջին ընթերցմամբ քննարկելու ու քվեարկելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«35 ստորագրությամբ մենք փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ», — ասաց նա։

Հիշեցնենք` «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն այսօր Ազգային ժողովում ստորագրահավաք էին կազմակերպել հոկտեմբերի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու և երեկ չընդունված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին նախագիծը ևս մեկ անգամ առաջին ընթերցմամբ քվեարկության դնելու նպատակով:

«Ելքը» կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

Երեկ` հոկտեմբերի 22-ին, ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում անհրաժեշտ քանակով ձայներ չստացավ: Որպես սահմանադրական օրենք` այն պետք է առնվազն 63 ձայն ստանար, բաց պատգամավորներից միայն 56-ը կողմ քվեարկեցին նախագծին:

ՀՀԿ անդամ պատգամավորներից 3-ը դեմ էին քվեարկել, մյուսները, ինչպես նախապես հայտարարվել էր, չմասնակցեցին քվեարկությանը:

Հիշեցնենք` ԱԺ-ում ներկա դրությամբ ՀՀԿ-ն ունի 40 մանդատ, ԲՀԿ-ն` 31, Ելք-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7, ՀՀԿ-ից առանձնացած պատգամավորները 18-ն են: