«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան». Արարատ Միրզոյանը խաղաղվելու մաղթանք է հղել

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ընտրական օրենսգրքի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական ու առաջադիմական էին և շահավետ առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«ՀՀԿ–ն չի փորձի, բայց զգուշությունը վնաս չէ». քաղաքագետը Փաշինյանի գործողությունների մասին

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։ Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկաններ ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին»,- նշել է Միրզոյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով։

Փոխվարչապետի պաշտոնակատարն իր գրառումն ավարտել է այսպես. «Հարգանքով և խաղաղվելու հերթական մաղթանքով՝ Արարատ Միրզոյան»։

Նշենք, որ երեկ ԱԺ–ում չընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։ Նախագծի ընդունումը տապալվեց 54 կողմ, 3 դեմ ձայներով: Բանն այն է, որ որպես սահմանադրական օրենք Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կարող է ենթարկվել պատգամավորների թվի առնվազն 2/3-ի ձայներով: Այսինքն` ԱԺ 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկեին նախագծին: Ի դեպ, նիստին գրանցվել էր 69 պատգամավոր, որոնցից 12-ը, փաստորեն, քվեարկությանը չմասնակցեցին: