Ալավերդու պղնձաձուլական գործարանը բացահայտ շանտաժի է ենթարկում Հայաստանի իշխանությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Սա այն դեպքն է, որ գործարանը փակել-չփակելու խնդիր չի եղել։ Խնդիրը եղել է, որ գործարանն աշխատի գործող նորմերի շրջանակում։ Իշխանության անդամներից որևէ մեկը, վստահ եմ, գործարանը փակելու խնդիր չի դրել»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` հունիսի 15-16-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝ քաղաք լցվելու մասին Ալավերդու քաղաքացիներն ահազանգել էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Ալավերդիում իրականացված մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի օդում մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը։
Գործարանի փակման հետևանքով ավելի քան 500 աշխատող գործազուրկ է դարձել։