ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Առավել ևս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Սրանց պետք է արմատախիլ անել»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի:
ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և տեսուչ Վաղարշակ Լալայանը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: