ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, այդքան էլ չի հավատում վարչապետի սեփական թեկնածություն չառաջադրելու հանրապետականների խոստումներին։
Այլ կերպ քաղաքացիներին ուղղված Փաշինյանի հերթական կոչը բացատրել հնարավոր չէ։
Ավելի վաղ Facebook–ով ուղիղ եթեր դուրս գալով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նրան կրկին կարող է պետք գալ ժողովրդի օգնությունը, եթե հոկտեմբերի 24-ին անկանխատեսելի հանգամանքներ առաջանան։ Այդ օրը ԱԺ նիստ կկայանա, որի ժամանակ խմբակցությունների հետ նախնական պայմանավորվածության համաձայն վարչապետի թեկնածություն չպետք է առաջադրվի։ Դա անհրաժեշտ է ԱԺ–ն ցրելու համար։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով, Փաշինյանի նման շրջահայացությունն ու զգուշավորությունը պայմանավորված է նախկին երկու դրվագներով։ Առաջինն այն էր, որ ՀՀԿ–ն հրաժարվել էր մայիսի 1-ի նիստին Փաշինյանին վարչապետ ընտրել, երկրորդը` հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների ընդունումն էր։
«Ժողովրդական զանգվածին դիմելու Փաշինյանի որոշումը բավական հիմնավոր է թվում։ Այդպիսով նա իր համախոհներին զգուշացնում է ընդդիմախոսների հավանական «դավերի» մասին, սակայն միաժամանակ նախազգուշացնում է նաև իր ընդդիմախոսներին», – Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Գալստյանը։
Միևնույն ժամանակ փորձագետը չի կարծում, թե հանրապետականները անակնկալ կմատուցեն Փաշինյանին։
Դա նրանց կողմից չմտածված քայլ կլիներ։ Իշխանական նախկին կուսակցության կողմից ցանկացած դեմարշ վտանգավոր կլինի ոչ միայն պետության, այլև հենց կուսակցության համար, վստահ է Գալստյանը։
«Խորհրդարանի նիստին երկու օր է մնացել։ Տեսականորեն հանրապետականները կարող են առաջադրել սեփական թեկնածությունն այդ օրը, եթե նրանք նախապես նման բան են ծրագրել։
Սակայն գործնականում դա քիչ հավանական է` հաշվի առնելով իրավիճակի վտանգավոր լինելը», – ասաց նա։
Նշենք, որ անկախ ընտրությունների վերաբերյալ հանրապետականների «հլու» կեցվածքի, նրանց կողմից դեռ պահպանվում են հակազդման նշույլներ։ Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում։ Այսօր երեկոյան օրենսգրքի ընդունումը տապալվեց. հանրապետական պատգամավորները չմասնակցեցին նիստին, ինչի հետևանքով քվորում չէր ապահովվել։
Հանրապետականները դժգոհում են նրանից, որ կառավարությունն առաջարկում է ընդունել ընտրական նոր օրենսգիրքը առանց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի և Վենետիկի հանձնաժողովի եզրակացության։
Միևնույն ժամանակ, Գալստյանի կարծիքով, այդ երկու կառույցների եզրակացությունների բացակայությունը ընտրությունների լեգիտիմությունը վտանգի տակ չի դնի։ Կարևորը ընտրական օրենսգրքին ընտրությունների համապատասխանելիությունն է։ Նա կարծում է, որ թափանցիկ և արդար ընտրություններ հնարավոր է կազմակերպել նաև գործող Ընտրական օրենսգրքի շրջանակներում՝ անկախ նրանից, որ այն ընդունվել է նախորդ իշխանության կողմից։