Մաս-մաս, բայց ամբո՞ղջը. նոր մանրամասներ «Ֆլեշի» գործով

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության դեպքի առթիվ. ցուցմունք է տվել «Ֆլեշ» ՍՊԸ տնօրենը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. «Ֆլեշ» ՍՊԸ տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեում քննություն է տարվում:

Բարսեղ Բեգլարյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազը չի հաստատել

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը`Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը՝ ծնված 1954թ., գրասենյակ է հրավիրել ընկերության աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն՝ ծնված 1982թ., և պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար:

Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊԸ տնօրենը պահանջել է նաև, որ աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի:

Բենզալցակայանի վարիչը ստիպված վճարել է ևս 3 200 000 դրամը և վերցրել հիշյալ ավտոմեքենան:

Այնուհետև, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ և վերջինիս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել ևս 7 000 000 դրամի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝  ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը և ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:

Մեղադրանք «Ֆլեշի» նախագահին. գործում ինքնիրավչության և բռնության հատկանիշներ կան

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվել են ընկերության աշխատակիցներ, դեպքի շուրջ, որպես կասկածյալ, ցուցմունք է տվել ընկերության տնօրենը: Քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Երևանի մի բնակչուհի Ոստիկանություն հաղորդում էր տվել առ այն, որ 2011թ.-ին «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ: