Առանց մութ անկյունների. Փաշինյանը խոսեց Պուտինի հետ հարաբերությունների մասին

Երկրի ղեկավարները ոչ բոլոր հարցերում են համաձայն իրար հետ, բայց ըմբռնում են միմյանց տեսակետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններն անկեղծ են։ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողներին «Եվրասիական շաբաթ» միջոցառմանը ելույթ ունենալուց հետո։

«Մեր հարաբերությունները, ինչպես նաև իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ, ինչպես ասել եմ հրապարակային, շատ ուղիղ են` առանց մութ անկյունների, և ես ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել։ Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում ունենք նույն տեսակետը և ամեն ինչում համաձայն ենք, բայց մենք փոխադարձաբար ըմբռնում ենք միմյանց տեսակետները և անկեղծ ենք»,- ասաց նա։

Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2019 թվականի սկզբին։ Այդ ընթացքում պետք է պայմանագրային բազա նախապատրաստել` երկկողմանի փաստաթղթերի ստորագրման համար։