Սաբոտաժը շարունակվում է, բայց վերադարձ անցյալին չկա. Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ հեղափոխության հաղթանակը, միևնույն է, անխուսափելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինեն ԱԺ արտահերթ ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ԱԺ-ն ցույց տվեց, որ առանց արտահերթ ընտրությունների չենք կարող որևէ քայլ անել: Այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը: ՀՀԿ-ն և կողմնակիցները շարունակում են սաբոտաժի քաղաքականությունը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` եթե անգամ ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսգրքով, դա որևէ բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է:

«Վերադարձ անցյալին չկա և չի լինելու, այնպես որ ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում իրապես պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կոչ եմ անում իշխանափոխությունը և հեղափոխությունը վերջնական հանգրվանին հասցնել: Ինչ օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Հայաստանում սկզբունքորեն շարունակվելու է պայքարը կոռուպցիայի, ապօրինությունների դեմ, հանուն ազգային նոր միասնության: Հեղափոխությունը շարունակվում է և հասնելու է իր վերջնական հանգրվանին», — ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ–ում չընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։

Նախագծի ընդունումը տապալվեց 54 կողմ, 3 դեմ ձայներով: Բանն այն է, որ որպես սահմանադրական օրենք Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կարող է ենթարկվել պատգամավորների թվի առնվազն 2/3-ի ձայներով: Այսինքն` ԱԺ 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկեին նախագծին:

Ի դեպ, նիստին գրանցվել էր 69 պատգամավոր, որոնցից 12-ը, փաստորեն, քվեարկությանը չմասնակցեցին: