Պատրաստվում ենք ինտենսիվացնել ԱՄՆ-ի հետ կապերը․ Փաշինյան

Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ մինչև հիմա ամերիկյան կողմն ակտիվություն չի դրսևորել Երևանի հետ կապերի հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Երևանը ծրագրում է ավելի սերտ համագործակցություն հաստատել Վաշինգտոնի հետ։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի գալիք այցը։

Ավելի վաղ Բոլտոնը հայտարարել է Ռուսաստան և Հարավային Կովկասի երկրներ այցելելու մասին։ Նա հաղորդել է, որ կհանդիպի չորս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «անվտանգության հարցերում ամերիկյան շահերը առաջ մղելու համար»։

«Գրեթե բոլոր արտասահմանյան գործընկերների հետ մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում բարձր մակարդակում», — ասաց Փաշինյանը «Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային համաժողովի բացումից հետո, որն ընթանում է Երևանում հոկտեմբերի 22-24-ը։

Նա ցավով է նշել, որ ԱՄՆ-ի պարագայում Հայաստանի շփումներն այդքան ինտենսիվ չեն եղել։

Առանց մութ անկյունների. Փաշինյանը խոսեց Պուտինի հետ հարաբերությունների մասին

Փաշինյանը հավելեց, որ ավելի վաղ Երևան է այցելել պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալի խորհրդականը, և շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում են ունեցել: Հայկական կողմը նշել է, որ պատրաստվում է ինտենսիվացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։

Հիշեցնենք` քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Թրամփի խորհրդականի այցն ուղղակիորեն կապված է Իրանի շուրջ իրավիճակի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նշել է Սարգսյանը, Բոլտոնը մտադիր է այլ հարցերի շարքում քննարկել Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու հարցը։