«Հետևեք իրադարձություններին». Փաշինյանը կոչ է անում զգոն լինել

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին հորդորում է կենտրոնանալ խորհրդարանի նիստի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հետևել իրադարձություններին ու անհրաժեշտության դեպքում արձագանքել։ Այս մասին նա ասաց ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին կկայանա խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ, ըստ նախնական պայմանավորվածության,` վարչապետի թեկնածու չպետք է առաջադրվի։ Դա անհրաժեշտ է խորհրդարանը ցրելու համար։

«Կարո՞ղ են արդյոք լինել դավադրություններ, տեսականորեն՝ այո: Բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, ես նորից այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, որ հավաքենք, ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի: Հետևեք իրադարձություններին, լինենք մշտական կապի մեջ, որպեսզի ըստ անհրաժեշտության շատ արագ կարողանանք կազմակերպել: Առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով էր Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով Սահմանադրության պահանջով հատուկ նիստը, նախնական հաշվարկով, կգումարվի հոկտեմբերի 24-ին: Իսկ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ն ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի: