Դաշնակցությունը կողմ կքվեարկի կառավարության առաջարկած օրինագծերին

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ չնայած որոշակի վերապահումներին, ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԸՕ–ի փոփոխությունների նախագծին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին. հայտարարություն

«Մենք միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ, քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,- ասաց Ռուստամյանը` միաժամանակ շեշտելով, որ ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում դրական տեղաշարժեր կան:

Այդուհանդերձ, ՀՅԴ-ն, Ռուստամյանի խոսքով, հապշտապ ընտրությունների գնալը սխալ է համարում, չի ընդունում նաև Ընտրական օրենսգիրքը 24 ժամվա ընթացքում ընդունելը, քանի որ նախագծում ՀՅԴ խմբակցության ներկայացրած երեք առաջարկները չեն ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ:

Հիշեցնենք`ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի և հարակից օրինագծերի փոփոխությունների փաթեթին: «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու: