ՀՀԿ-ն վարչապետի ընտրության օրն անակնկալ չի մատուցի

Ինչպես կանցնի վարչապետի ընտրության` սահմանադրության պահանջով գումարվող ԱԺ նիստը, և ինչ կարգով վարչապետ չի ընտրվի: Այս հարցի շուրջ իրավական տեսակետները տարբեր են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրե՞լ, թե՞ ընդհանրապես չառաջադրել. հայաստանյան իրավաբաններն այսօր փորձում են լուծել ՀՀ սահմանադրության առաջադրած այս խնդիրը: Ի՞նչ կարգով խորհրդարանը պետք է տապալի վարչապետի ընտրությունը, որպեսզի կատարվի Սահմանադրության պահանջն ու Ազգային ժողովը լուծարվի: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանին:

«Ես այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ իմ արտահայտած դիրքորոշմամբ կանխորոշել ինչ-որ դիրքորոշում: Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է վարչապետի` առաջին փուլից հետո «քվեարկություն» եզրույթին: Ի վերջո, սրա մասին տեղեկացված են կառավարության տարբեր ներկայացուցիչներ, ասել են, որ կհանգեն եզրակացության»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` առաջին տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կառաջադրվի, կլինի քվեարկություն, որի արդյունքում նա չի ընտրվի, երկրորդ տարբերակը` որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և վարչապետը կհամարվի չընտրված: Բայց այս տարբերակներից յուրաքանչյուրը, Հովհաննիսյանի համոզմամբ, ունի իր խոցելի կողմը` ավելի կամ պակաս չափով:

ՀՀԿ-ն կողմ չի քվեարկի կառավարության առաջարկած նախագծին

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու մասին լուրերին, Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրելու տեսքով անակնկալ չի մատուցի:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով էր Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով Սահմանադրության պահանջով հատուկ նիստը, նախնական հաշվարկով, կգումարվի հոկտեմբերի 24-ին: Իսկ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ն ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի: