ՀՀԿ-ն կողմ չի քվեարկի կառավարության առաջարկած նախագծին

Արփինե Հովհաննիսյանը որոշ գաղտնիքներ բացեց, թեև ՀՀԿ–ն խոստացել է պաշտոնական դիրքորոշումը հրապարակել ավելի ուշ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ», — ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե արդյո՞ք ամբողջ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին, թե՞ լինելու են կողմ քվեարկողներ, ու ՀՀԿ խմբակցության կորիզը դարձյալ մնալու է փոքրամասնության կարգավիճակով, Հովհաննիսյանը պատասխանեց. «Կողմ չլինելը ՀՀԿ խմբակցության տարբեր անդամների կողմից կարող է արտահայտվել տարբեր ձևերով` քվեարկությանը չմասնակցելով, դեմ քվեարկելով և այլն, այսինքն` այնպես, ինչպես յուրաքանչյուրը նպատակահարմար կհամարի այն անձանցից, ովքեր շարունակում են մնալ ՀՀԽ խմբակցության անդամ և շարունակում են հավատարիմ մնալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը»:

Պարզապես աբսուրդ է ժողովրդավարություն անել հակաժողովրդավարական կանոններով. Աշոտյան

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների մասնակցելու վերաբերյալ դիրքորոշմանը, Հովհաննիսյանն առայժմ չցանկացավ բացահայտել ոչ իր, ոչ էլ կուսակցության տեսակետը:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ-ն այսօր վաղ առավոտյան նիստ է գումարել, որտեղ քննարկվել և հաստատվել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը: Այն պաշտոնապես պետք է հրապարակվի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Բայց այս պահի դրությամբ դեռ չի հայտարարվել: