Հայաստանը ԵԱՏՄ-ում ցուցադրում է մակրոտնտեսական բարձր ցուցանիշներ․ Լիսովոլիկ

Հայաստանն առավել բարդ իրավիճակում է տրանսպորտի առումով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ մնացած պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից։ Այդ մասին Sputnik Արմենիայի տաղավարում հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը Երևանում «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում։

«Մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից մենք կարծում ենք, որ Հայաստանը բավական լուրջ ձեռքբերումներ ունի, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից։ Մենք որպես օրինակ բերում ենք արտահանման աճը», — ասաց Լիսովոլիկը։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանը տրանսպորտի առումով գտնվում է առավել բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի մյուս պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը։ Բայց այստեղ իրավիճակը կարող է փրկել Իրանի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի առկայությունը, որը ենթադրում է տրանսպորտային միջանցքների կառուցում, էլեկտրաէներգետիկայի ոլորտում կոոպերացիայի զարգացում։

ԵԱՏՄ–ն մտադիր է դուրս գալ համաշխարհային շուկա` եվրոպական ճանաչելի բրենդերով. Սարգսյան

«Այդ ամենը կօգնի Հայաստանին տրանսպորտային և աշխարհագրական սահմանափակումները հաղթահարելու մեջ։ Իրանի հետ համաձայնագիրը կխթանի նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը, որոնք կնպաստեն ներդրումների հոսքին։ Այստեղ բազմաթիվ հնարավորություններ կան», — եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 2017թ-ին Հայաստանն ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ երկրներ 47,6 տոկոսով։ Արտահանման ծավալը կազմել է 2,2 միլիարդ դոլար։ 2018թ-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումը կազմել է 596 դոլար, ինչը 34,6 տոկոսով ավելի է 2017թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։