Աջ ղեկով մեքենաները ՀՀ ներկրելու հարցը չի լուծվում․ «Բագրատաշենին» «կաթված» է սպառնում

Ներկրողները և նախարարության ներկայացուցիչները պայմանավորվել են կրկին քննարկել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Եթե Հայաստանի իշխանությունները չեղյալ չհայտարարեն աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը, ապա «Բագրատաշեն» հսկիչ-անցակետի աշխատանքը մի քանի օրից կաթվածահար կլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Արթուր Միսաքյանը։

«Աջ ղեկով» մեքենաների խռովությունը. ներկրողները կաթվածահար են արել հայ–վրացական սահմանը

Հոկտեմբերի 22-ին աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ցուցարարների հետ հանդիպել են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեն Սիմոնյանը։ Ավելի ուշ նրանց միացել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Կողմերը պայմանավորվել են, որ օրվա երկրորդ կեսին նախարարությունում կրկին կքննարկեն փակուղուց դուրս գալու ուղիները։

«Եթե այդպես շարունակվի, ապա «Բագրատաշեն» հսկիչ-անցակետի աշխատանքը կաթվածահար կլինի, քանի որ տարանցիկ պետհամարանիշներով մեքենաները, որոնք ներկրվում են Ճապոնիայից, կարող են Վրաստանում մնալ սահմանափակ թվով օրեր։ Մյուս կողմից, վրացի վարպետների մոտ ղեկը փոխելու համար երկար հերթեր են գոյացել։ Ստիպված կլինեն մեքենաները թողնել տարանցիկ գոտում», — ասաց Միսաքյանը։

Նրա կարծիքով՝ այս ամենի պատճառը Հայաստանի նախկին իշխանությունների որոշումն է։ Հունվարին քննարկվել է այն հարցը, որ արգելքը կսահմանվի ժամանակավորապես՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Մարտին Հայաստանի խորհրդարանը շտկումներ է ընդունել օրենքում՝ չեղարկելով նշված ամսաթիվը և դրանով վերջնականապես արգելելով աջ ղեկով մեքենաների ներկրումը։ Սակայն ներկրողները և հասարակությունը տեղյակ չեն եղել կատարված փոփոխությունների մասին։ Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու մասին օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։

«Իշխանությունը մեզ խաբեց». «Ղեկը աջ» նախաձեռնությունը սպառնում է կաթվածահար անել Երևանը

Հույս ունենալով, որ հոկտեմբերի 1-ից նոր կառավարությունն ամեն դեպքում չեղյալ կհայտարարի օրենքը, ներկրողները օգոստոսին գնել են մի քանի հարյուր մեքենա, որոնք աստիճանաբար Ճապոնիայից հասնում են Փոթի նավահանգիստ։ Ներկրողները հիմա ստիպված են ղեկը փոխել Վրաստանում և Հայաստան բերել փոխված ղեկով մեքենա կամ թողնել դրանք հայ-վրացական սահմանի տարանցիկ գոտում։

Տվյալ պահին «Բագրատաշեն» հսկիչ-անցակետի մոտ կա 150 ավտոմեքենա, սակայն մի քանի օրից ներկրողները մտադիր են ներկրել աջ ղեկով մեքենաների ավելի խոշոր խմբաքանակ և թողնել տարանցիկ գոտում։Դա կարող է կաթվածահար անել հսկիչ-անցակետի գործունեությունը։

Նշենք, որ տարանցիկ համարանիշներով մեքենան հարևան երկրում կարող է մնալ ընդամենը 60 օր, դրանից հետո հայ վարորդները պետք է ամեն օր տուգանք վճարեն 5 լարիի չափով (մոտ 1000 դրամ)։ Այդ ճանապարհով մեքենան կարելի է Վրաստանի տարածքում թողնել ևս 30 օր։

Վրացի վարպետների մոտ ղեկն արագ փոխել չի ստացվում, քանի որ ավտոմեքենաների նման մեծ հոսքի պատճառով նրանց մոտ երկար հերթեր են գոյացել։ Մյուս խնդիրն այն է, որ նրանք մի քանի անգամ բարձրացրել են ծառայության գները։ Եթե նախկինում Վրաստանում ղեկը փոխելն արժեր մոտ 350 դոլար, ապա այսօր փոխում են ամենաքիչը 1000 դոլարով։

Միաժամանակ, հայ ներկրողները նշում են, որ Հայաստանում վիճակագրական տվյալներ չկան, որոնք կհաստատեն այդ տրանսպորտային միջոցների վտանգավոր լինելը։

«Ամենամեծ վտանգը ներկայացնում են անորակ, հին ավտոմեքենաները, որոնք ներկրվում են երկիր», — մամուլի ասուլիսում ասաց աջ ղեկով մեքենաների ներկրման կողմնակիցները մեկը՝ Արտաշես Արտենյանը։

Համբերության բաժակը լցվեց. աջ ղեկով մեքենա ներկրողները խոստանում են ծայրահեղ քայլի դիմել

Autocom Japan ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտեմ Դավթյանը իր հերթին նշեց, որ իրենց ընկերությունը չի զբաղվում աջ ղեկով մեքենաների քարոզով։ Նրանք խորհրդատվություն են իրականացնում և օգնում նրանց, ովքեր ցանկանում են ցածր գնով որակյալ մեքենա գնել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ներկրողները փակել էին «Բագրատաշեն» հսկիչ-անցակետը` ի նշան աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու դեմ արգելքի։

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է ոչ նպատակահարմար համարել օրենքում շտկումներ կատարելը, քանի որ 2020թ-ի հունվարի 1-ից արգելք է սահմանվելու «աջ ղեկով» մեքենաներ ներկրելու վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020թ-ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։