ՀՀԿ-ի արածը սաբոտաժ էր ու ինքնասպանություն. Ալեն Սիմոնյան

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալումը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը ՀՀԿ-ի համար ինքնասպանություն է համարում և չի բացառում, որ փորձ կարվի օրենքը դարձյալ բերել ԱԺ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը տապալելու` ՀՀԿ որոշումը փոքրիկ սաբոտաժ էր, այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Սաբոտաժը շարունակվում է, բայց վերադարձ անցյալին չկա. Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին

Նրա խոսքով՝ դրանից կտուժի ոչ միայն քաղաքական դաշտը, այլև առաջին հերթին` ՀՀԿ-ն:

«Ես չեմ հասկանում, ինչու են նրանք գնում քաղաքական ինքնասպանության: Դրանից քաղաքական դաշտն է տուժում, «Քաղաքացիական պայմանագիրը» չի տուժում»,- ասաց նա:

Եթե նոր Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի շատ կուսակցություններ կարող էին ներկայացված լինել խորհրդարանում, ապա իր այդ քայլով ՀՀԿ-ն զրկեց բոլորին այդ հնարավորությունից:

«Իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել, և վստահ եմ, որ նորից գալու են, դոշ են ծեծելու, ասելու են՝ մենք Հայաստանի ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք, ամեն ինչ արել ենք»,- ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը չբացառեց, որ կքննարկվի օրենքը մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ դարձյալ խորհրդարան ներկայացնելու հնարավորությունը:

Ենգիբարյան. «ՏԻՄ ընտրությունները անցան բավականին բարձր մակարդակով»

Հիշեցնենք, այսօր խորհրդարանն արտահերթ նիստում մերժեց Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը` 56 կողմ, 3 դեմ ձայներով:

Որպես սահմանադրական օրենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կարող են ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ձայներով: Այսինքն` 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկեր նախագծին:

Ի դեպ, նիստին գրանցվել էր 69 պատգամավոր, որոնցից 10-ը, փաստորեն, քվեարկությանը չեն մասնակցել: