Կերչի ողբերգության կազմակերպիչը նախապես է պատրաստվել հարձակմանը. նոր մանրամասներ

Կերչում տեղի ունեցած ողբերգական հարձակման նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. «Կերչի հրաձիգ» Վլադիսլավ Ռոսլյակովը պոլիտեխնիկական քոլեջու իրագործած հարձակումից առաջ այրել է իր անձնական իրերը և հողի տակ թաղել սեյֆը։ Այս մասին հայտնում է ՌԵՆ ՏՎ-ն։

Կերչի քոլեջում սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Չորրորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը իսկական սպանդ է կազմակերպել քոլեջում։ Մահացել են 21 մարդ, նրանց մեծ մասը սովորողներ են։ Ռոսլյակովն ինքնասպան է եղել քոլեջի գրադարանի տարածքում։

Նշվում է, որ այրված իրերի շարքում նրա լուսանկարներն են, տետրեր, կրիչներ, ինչպես նաև կրոնական գրականություն։

Հեռուստաընկերությունը հրապարակել է մի տեսագրություն, որում երևում է՝ ինչպես է Ռոսլյակովը սեյֆը տանում ամայի տեղ։ Որոշ տվյալներով՝ նա թաղել է այն։ Պաշտոնական վարկածի համաձայն` Ռոսլյակովը միայնակ է գործել, իսկ հարձակմանը պատրաստվել է 2017թ-ի հունվարից։

Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ հետմահու կանցկացնեն հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն։

Պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ։ Ի սկզբանե Ռուսաստանի քննչական կոմիտեն հարձակումն ահաբեկչություն էր անվանել, սակայն ավելի ուշ գործը որակավորվել է որպես զանգվածային սպանություն։