Փաշինյան. ժողովրդի կամքով իշխանության հասած ուժը ժողովրդի կամքով էլ պիտի հեռանա

Նիկոլ Փաշինյանը Լիբանանում, հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրել է հայաստանյան իրադարձությունների ու իր քաղաքական թիմի առաքելությունն ու Հայաստանի ապագայի տեսլականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն իր առաքելությունը իրականացված կարող է համարել, երբ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով ու ժողովրդի ազատ կամարտահայտմամբ իշխանության հասնելով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ էլ կարողանա հեռանալ իշխանությունից: Այս մասին այսօր լիբանանահայ համայնքի հետ հանդիպմանն ասել է աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչները կարևորել են Փաշինյանի այցը Լիբանան

Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել լիբանանցի հայրենակիցներին` ասելով, որ ողջ ընթացքում զգացել է նրանց ջերմությունն ու աջակցությունը: Ապա` ներկայացրել է այն առանցքային փոփոխությունները, որ պիտի տեղի ունենան Հայաստանում:

«Առաջինը և ամենակարևորը ժողովրդավարությունն է, որը մեզ համար ուղղակի տեսական դրույթ չէ. շատ կարևոր է ժողովրդավարության անհատական ընկալումը: Կարելի է  շատ քննարկել, թե ինչն էր պատճառը, որ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին և որոշեցին իրականացնել այդ փոփոխությունները, կարելի է բերել տնտեսական, սոցիալական, իրավական պատճառներ»,– ասել է Փաշինյանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիների ամենամեծ պահանջը սեփական երկրում հարգված լինելն է։

«Այդ առումով եմ շատ կարևոր համարում ժողովրդավարության հաստատումը Հայաստանում»,– ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է, որ հասնելով որոշակի ազատությունների, մարդկանց իրավունքների պաշտպանության և պահպանության, անկախ դատական համակարգ ստեղծելով, տնտեսական ու քաղաքական հաջողությունների հասնելուց հետո էլ իր հեղափոխության առաքելությունն ավարտած չի համարելու, քանի որ իր քաղաքական թիմի առաքելությունը իրականացված կհամարի միայն այն ժամանակ, երբ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով ու ժողովրդի ազատ կամարտահայտմամբ իշխանության եկած քաղաքական ուժը ժողովրդի ազատ կամարտահայտմամբ էլ կարողանա հեռանալ իշխանությունից:

«Կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդն իմանա և հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձևավորվի Հայաստանում»,– ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարևորել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  վստահ լինի, որ իր ձայնով կարողանում է որոշում կայացնել իշխանության կերպարի շրջանակի և անհատների վերաբերյալ: