ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչները կարևորել են Փաշինյանի այցը Լիբանան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին և առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել երկրում գործող հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Նաջարյան. «Փաշինյանը հանդիպում է ունենալու Լիբանանում գործող հայկական 3 կուսակցության հետ»

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունինւ, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանը և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսսյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի ավանդական հայ կուսակցությունների հետ հանդիպումը` Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացման և համահայկական օրակարգի հարցերը քննարկելու առումով: Նա ընդգծել է իր առանձնահատուկ վերաբերմունքը Լիբանանի հայության և երիտասարդության նկատմամբ` շնորհակալություն հայտնելով թավշյա հեղափոխության ժամանակ նրանց աջակցության և ակտիվ դիրքորոշման համար:

Ավանդական հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարևորել են Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան` նշելով, որ այն կնպաստի երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների սերտացմանը: Նրանք ողջունել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կատարվող փոփոխությունները և Նիկոլ Փաշինյանին են փոխանցել Լիբանանի հայության պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի և Հայաստանի հզորացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև հայ-լիբանանյան բազմաոլորտ կապերի խորացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին և առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր:

Հ.Յ.Դ., ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնության, համախմբվածության ոգին` կարևորելով ՀՀ քաղաքական ուժերի միջև երկխոսության շարունակականությունը` ի շահ Հայաստանի առաջընթացի: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իր կեցավայրում նաև հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխավոր խմբագիրների և «Սևան», «Վանա ձայն» ռադիոկայանների տնօրենների հետ: