Օսիպյանը վստահեցրեց` խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների գործը կքննվի անաչառ

Ոստիկանության պետը հանդիպեց ճանապարհ փակած քաղաքացիների ու մարզային վարչության ծառայողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օսիպյանը լսեց քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:

Ոստիկանության պետը նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:

Օսիպյանը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

Հիշեցնենք, որ խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատներն այսօր առավոտյան փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։

Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։ Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է: