Քոչարյան & Co. ապագա ունի՞ արդյոք Հայաստանի նախկին նախագահի կուսակցությունը

Քաղաքական ուժերը դեռ չեն շտապում հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Քննության տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ինքնուրույն քաղաքական «լողի»։

Փաշինյանի համար ֆորս մաժորներ չեն լինի, բայց կա այլ սպառնալիք

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ։

Բայց մնում է այն հարցը, թե կհաջողվի արդյո՞ք նախկին նախագահին իր դրոշի տակ հավաքել շատ թե քիչ նշանակալի «նավատորմ»։

Ինչպես նշեց Sputnik ռադիոյի հատուկ թղթակից Էլինա Ղազարյանի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը, Քոչարյանին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվել այդպիսի քաղաքական ուժ գտնել կամ նրանք ցանկություն չեն հայտնել համագործակցել որոշակի ձևաչափով։

«Նախկին նախագահի համար ավելի նախընտրելի է եղել նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարությունը։ Առայժմ դժվար է խոսել այն մասին, թե դա ինչպիսի կուսակցություն կլինի, ինչ գաղափարախոսություն կունենա», – ասաց Մարգարովը։

Հասկանալի է, որ նոր կուսակցության գաղափարախոսությունը կդասավորվի անվտանգության հարցերի, տնտեսական զարգացման, Արցախի անկախության շուրջ։

Քաղաքագետի խոսքով` մյուս, ավելի վառ տարրերը հիմա առանձնացնելը դժվար է։

Սուրենյանց. «Ներսում դիմադրության բոլոր օջախները չեզոքացված են»

Ակնհայտ է, որ Քոչարյանը չի հասցնի ավարտել կուսակցական «շինարարությունը» մինչև դեկտեմբերին կայանալիք ընտրությունները։ Մարգարովը կարծում է, որ նախկին նախագահը պետք է աշխատի հեռանկարի համար և քաղաքական ուժ ստեղծի, որը կխաղա արտախորհրդարանական ընդդիմության դեր։

«Կուսակցությունը կփորձի լինել եթե ոչ կառուցողական քննադատ, ապա թեկուզ կրկնել այն հայտարարությունները, որոնք Քոչարյանն արդեն արել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ», – ասաց Մարգարովը։

Հարցը, թե ով կհարի այդ կուսակցությանը, դեռ բաց է մնում։ Ոչ ոք բացահայտ չի հայտարարել այն մասին, որ պատրաստ է միավորվել և համագործակցել Քոչարյանի հետ։

«Կարծում եմ, որ կընթանան բանակցություններ։ Հայտնի է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչների շրջանակ, որոնք հավատարիմ են և պատրաստ են հարել նրան», – ասաց Մարգարովը։

Քոչարյանի ապագային ավելի հոռետեսական է նայում Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։ Նախկին նախագահը իր կառավարման շրջանում այնքան է վարկաբեկել իրեն, որ նա այստեղ չի կարող ունենալ քաղաքական ապագա, նշեց Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն կստեղծի և ընդդիմություն կդառնա. ովքե՞ր կլինեն նրա թիմում

«Նա չի կարող իր շուրջը հավաքել մարդկանց, որոնք կարող են դառնալ իրական քաղաքական ուժ։ Կուսակցություն ստեղծելու որոշումն ընդունվել է` ելնելով ներկա իրավիճակից, երբ նա դեռ պետք է պատասխան տա մարտի 1–ի համար։ Նա նման հայտարարություններ է անում նրա համար, որպեսզի հիշեցնի իր գոյության մասին», – ասաց Խաչատրյանը։

Փորձագետի կարծիքով` Քոչարյանի հայտարարությունները ուղղված են նրան, որ քաղաքական երանգ հաղորդեն իրեն առաջադրված մեղադրանքներին։

Նրա խոսքով` քաղաքական ուժերը չեն համագործակցի մարդու հետ, որը քաղաքական ապագա չունի։

«Նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ավելի լավ է խուսափեն Քոչարյանի հետ ասոցացվելուց», – ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով` նույն ՀՀԿ–ն, եթե որոշի շարունակել քաղաքական գործունեությունը, ավելի լավ է համալրեն իրենց շարքերը բոլորովին նոր մարդկանցով։