ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երուսաղեմի իրավատեր երեք հոգևոր առաջնորդները՝ Երուսաղեմի հայոց և հույն պատրիարքները, Սուրբ Երկրի Քուստոսը համատեղ նամակ են հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Նամակում հոգևոր հայրերն իրենց զարմանքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ քրիստոնյա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ Քնեսեթի անդամ Ռաքել Ազարիայի հեղինակած օրինագիծն ընդգրկվել է նախարարների հանձնաժողովի քննարկման օրակարգում։
Հոգևոր առաջնորդները Իսրայելի կառավարության ղեկավարին հորդորում են միջամտել ու մեկընդմիշտ կասեցնել օրինագծի քննարկումը։
Ըստ Բաղդասարյանի` հոգևոր առաջնորդներն օրինագիծը որակել են ամոթալի, նամակում Նեթանյահուին հիշեցրել են հուլիսին իրենց ուղղված վարչապետի նամակին մասին, որտեղ նա վստահեցրել էր, թե օրինագիծը հետ է կանչվելու։
«Նշենք, որ թեև օրինագիծը ենթարկվել է որոշ փոփոխության, այնուհանդերձ այն տակավին հնարավորություն է տալիս պետությանը բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները»,-ասել է դիվանապետը։
Հիշեցնենք, այս տարվա փետրվարի 25-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակել էին՝ ի նշան բողոքի Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման դեմ, որով հրահանգված էր հարկեր գանձել Սուրբ Երկրի եկեղեցիներից ու վանքերից։
Այն ուղղված էր նաև Քնեսեթում քննարկվելիք օրինագծի դեմ, որով իրավունք է վերապահվում հրեական պետությանը բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվելու մասնավոր ընկերություններին կամ ձեռներեցներին: Նաև ըստ այդ օրինագծի նոր հանձնաժողով էր ստեղծվելու, առանց որի թույլտվության քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները երեք օր փակ էին մնացել։ Այնուհետև Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հույն պատրիարք Թեոֆիլոս երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնը բողոքի նամակ էին հղել Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով, որ վարչապետը կանխի եկեղեցապատկան հողերը յուրացնելու մասին օրինագծի ընդունումը: