Ոստիկանների հարազատներին համոզեցին․ Երևան-Սևան մայրուղին բացվեց

Ցուցարարներին խոստացան «դրական» պատասխան տալ մինչև երեկոյան ժամը 18։00-ն, նրանք համաձայնեցին բացել Երևան–Սևան ճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Իշխանության ներկայացուցիչները կարողացան համոզել Երևան-Սևան մայրուղին փակած ցուցարարներին, և ճանապարհն արդեն բաց է։ Դեպքի վայրից այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Հարազատներին խոստացան «դրական պատասխան տալ» մինչև 18։00-ն, բայց հասկանալի չէ` նրանք ինչ նկատի ունեին։

«Լավ փաստաբաններ վարձեք». Տիգրան Ավինյանը խոսում է ցուցարարների հետ. տեսանյութ

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները համաձայնեցին բացել ճանապարհը և սպասել մինչև նշված ժամը, թեև հայտարարեցին, որ այդքան էլ չեն հավատում խոստմանը։ Երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է։

Հիշեցնենք, որ խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատներն այսօր առավոտյան փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Եթե իմ էրեխեն հանցագործություն ա արել, տարեք, ինչքան կուզեք, պատժեք». տեսանյութ

Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։

Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է: