Հայաստանի ցուրտ գյուղերը կրկնակի էժան կջեռուցվեն․ նոր նախագիծ Հայաստանի հյուսիսում

Վառելիքային բրիկետներն օգնում են ավելի քիչ անտառներ հատել։ Դրանք կրկնակի թանկ են, քան փայտը, բայց, ինչպես վստահեցնում են էնտուզիաստները, քառակի քիչ բրիկետ է պետք գյուղացիներին տաքացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Փայտի փոխարեն ծղոտե բրիկետներ վառելը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ավելի էժան։ Այս տեսությունը պատրաստվում է ապացուցել Մեծ Պարնի գյուղի էնտուզիաստների խումբը։

Մեծ Պարնին գտնվում է Վանաձորից Գյումրի տանող ճանապարհին։ Այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվել 1988թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Օդն այստեղ լեռնային է։ Զով է նույնիսկ ամռանը։ Իսկ ձմեռներն այստեղ տևում են կես տարի։

«Այդ պատճառով էլ մենք որոշեցինք այստեղ կոնվեյեր տեղադրել վառելիքային բրիկետների համար՝ գյուղացիներին ջեռուցման հարցում օգնելու համար», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լուսնյակ» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը։

Բայց որտեղի՞ց հումք վերցնել բրիկետների համար։ Չէ՞ որ այդ վայրերում միայն լեռնային մարգագետիններ են՝ առանց որևէ ծառի։

Топливные брикеты общественной организации "Лусняк", Лорийская область

«Բանն այն է, որ ծառ պետք չէ։ Ո՛չ թեփ, ո՛չ առավել ևս փայտ։ Ամբողջ իմաստը մեր անտառները պահպանելն է։ Փայտի փոխարեն մենք օգտագործում ենք ցորենի և գարու թեփն ու ծղոտը։ Երբ դրանք չորացնում են ու մամլում, ապա շատ լավ են վառվում», — ասում է Կարապետյանը։

Արտադրությանն օգնել են գյուղապետարանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), որը կոնվեյեր է տրամադրել բրիկետները մամլելու համար։ Էնտուզիաստներն ուզում են հետագայում չորանոց հավաքել կամ գնել։ Որքան արագ չորացնեն, այնքան շատ կարտադրեն։

Իսկ որքան շատ արտադրեն, այնքան ավելի կայուն կլինի արտադրությունում աշխատողների աշխատավարձը։ Այնտեղ արդեն աշխատում է մոտ տասը մարդ։ Նրանք օրական արտադրում են մինչև երեք տոննա վառելիք։

«Վառելիքը գնում են բարեգործական ծրագրերով՝ անապահով ընտանիքների և մանկատների համար։ Այդպես նրանք օգնում են թե՛ նրանց, թե՛ մեր աշխատողներին։ Մեր կազմակերպությունը հասարակական է, ամբողջ հասույթը ծախսում ենք նախագծի կամ աշխատավարձերի վրա», — ասում է Տիգրանուհին։

Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք նման վառելիք գնել առանց բարեգործության։ Տիգրանուհին վստահեցնում է` անկասկած, այո։

Մեկ տոննա բրիկետը փայտից երկու անգամ թանկ է, բայց փոխարինում է չորսս տոննա փայտին (այսինքն` մինչև 8 խորանարդ մետր)։

Ինչպե՞ս բամբակի սերմը հասավ Հայաստան, ու ինչո՞ւ էր նախորդ կառավարությունը որոշել այրել այն

«Երկու անգամ ավելի թանկ է, բայց չորս անգամ ավելի քիչ է պահանջվում։ Ստացվում է կրկնակի խնայողություն», — եզրափակում է Տիգրանուհին։

Հարակից գյուղերի բնակիչներն արդեն սկսում են այստեղ ծղոտ և թեփ բերել իրենց դաշտերից։ Այդ վայրերում թե՛ ծղոտն է շատ, թե՛ թեփը, որովհետև այստեղ մրգի այգիներ գրեթե չկան, իսկ կարտոֆիլից և սոխից բացի, այլ բանջարեղեն գրեթե չեն ցանում։

«Շատերը վաճառում են, բայց ոմանք համաձայնում են նվիրել։ Դա, իհարկե, օգնություն է մեզ համար», — ասում է Տիգրանուհին։

Հիմա կազմակերպությունը ցանկանում է շրջանառու ֆոնդ կուտակել։ Այդ գումարները ցանկանում են դնել արտադրության մեջ, ստացած օգուտը վերադարձնել ֆոնդ կամ բաշխել աշխատողների միջև։

Պատրաստի բրիկետները ներկայացվել էին Երևանում անցկացված «Էքսպո Ռուսաստան-Հայաստան» ցուցահանդեսում։