Գագիկ Ծառուկյանը որոշել է փոխել իր կուսակցության ցանկը

ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ Ռուբեն Գևորգյանը պատգամավոր չի լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ռուբեն Գևորգյանը պատգամավոր չի լինելու, և նրա անունը չի լինելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Պարոն Գևորգյանը դեպուտատ չի լինելու, ասեմ իմանաք, ինքը նվիրյալ է, ինքը դրանով ապրում ա, դա իր կյանքով, գործով ապացուցել է, բոլորն էլ գիտեն։ Ես իմ «Բարգավաճի» ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ, ամեն ինչ կտեսնեք»,- ասաց նա։

Ծառուկյանը նշեց նաև` ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները։

«Բոլորն էլ իրենց արդարացրել են, նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ավելի առաջ են գնալու, մենք ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ համապատասխան այլ աշխատանքների են անցնելու, այլ գործունեությամբ են զբաղվելու, մի տեղ լճանալ այդքան չի կարելի»,- ասաց նա։

Պարզվեց` Ծառուկյանը օլիգարխ չէ, կամ ինչն է անհասկանալի Հայաստանում. իրավիճակ է փոխվել

Հարցին` արդյոք գործարարներ լինելու են ցուցակում, Ծառուկյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր։

«Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել»:

Ռուբեն Գևորգյանը (հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով) Երդվյալ ազատամարտիկների միության նախագահն է, նախկին պատգամավոր։ 2017թ. փետրվարին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի անդամ է եղել 10 տարի շարունակ: