Ի՞նչ է կատարվել Արցախի սահմանին վերջին 7 օրում

Առաջնագծում տիրող իրավիճակը փոխվել է, սակայն կրակոցները չեն լռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին և արցախ–ադրբեջանանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ինչը, ըստ նրա, Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է։

Փաշինյանը հայտնել էր նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ի վերջո հաջողվել է օպերատիվ կապ հաստատել։