Երևանի ՋԷԿ–ը սկսեց աշխատել. կարտադրվի 7 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա

«Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրն ավարտվել է։ Հաջորդ կապիտալ վերանորոգումը` 6 տարի հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրն ավարտվել է, կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից` հիշեցնելով, որ վերազինման ծրագրի նպատակն էր բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը։

Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա

Ծրագրի շրջանակներում կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Դրա արդյունքում նախատեսված է 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, որի արդյունքում կավելանա էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը և կնվազեցվի վառելիքի տեսակարար ծախսը:

Կայանի կապիտալ նորոգման պարբերականության ժամկետը, նախարարության հաղորդագրության համաձայն, ներկայիս 4 տարվա փոխարեն կսահմանվի 6 տարի։

Նշենք, որ Երևանի ՋԷԿ–ի Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել ամերիկյան «General Electric» և ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունները: Ի դեպ, համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել էր Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկային միջոցներով և գործարկվել է 2010թ.–ի ապրիլի 21-ին: