«Ծախվել է Ռուսաստանին». Փաշինյանը խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին վստահեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որևէ խնդիր չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 19-ին, Կապանում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

Փաշինյանն ու Պուտինը ժեստերով խոսելու վարպետություն են ցուցադրել. տեսանյութ

«Կառավարության գործունեության մասին առաջին օրից ինչ հոռետեսական կանխատեսում ասես, չէին անում, ասում էին` այս կառավարությունը չի կարող՝ արտաքին քաղաքականություն ոնց կարող է, հետո սկսեցին ահազանգել՝ հայ-ռուսական հարաբերությունները փլուզվում են, քանդվում են, կատաստրոֆա է, հետո, տեսան, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են առավել, քան երբևեէ, հիմա էլ ասում են՝ ծախվել է Ռուսաստանին»,- ասաց Փաշինյանը։

Նա խորհուրդ տվեց զերծ մնալ հոռետեսական կանխատեսումներից։

«Հետո ասում են` այ, որ ծախվել է Ռուսաստանին, ուրեմն վերջ, Արևմուտքի, Եվրամիության հետ մեր հարաբերությունները պրծավ, չի լինի։ Ազնիվ մեր ցեղը կորչելու ա զուր տեղը։ Հետո եկավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և դրանից առաջ էլ դուք տեսաք, թե ինչ հարաբերություններ կան իմ և Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Կանադայի վարչապետի, հիմա էլ ասում են՝ սրանք հաստատ արևմտամետ են, Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդվելու են։ Ժողովուրդ ջան, մի արեք հոռետեսական կանխատեսումներ, որովհետև չեն իրականանալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` նա ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը գալու է Հայաստան։