Ինչո՞ւ ՀՀԿ–ն չպետք է մասնակցի ԱԺ ընտրություններին. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Հիմա կուսակցությունը փաստացիորեն մասնատվում է։ Այդ գործընթացը հետզհետե է՛լ ավելի անվերահսկելի է դառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը ճիշտ կաներ, եթե հրաժարվեր ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցությունից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ՀՀԿ-ն նիստ է գումարել. քննարկվել են ներքաղաքական խնդիրներ

Նա կուսակցության դիրքերը բավականին անկայուն է համարում, և այս պահին մասնակցությունը մրցավազքին միայն կվատացնի նախկին իշխող ուժի վիճակը։ Սեպտեմբերին ՀՀԿ-ն չմասնակցեց Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Հակոբյանը դա ճիշտ է համարում` պնդելով, որ կուսակցությունը պետք է նույնկերպ վարվի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ։

«Հաշվի առնելով ՀՀԿ-ի այսօրվա վարկանիշը, այն, թե ինչպես է հասարակությունն ընկալում կուսակցությանը, հանրապետականները լավ կանեն` զերծ մնան ընտրությունների մասնակցությունից։ Այո, չեմ բացառում, որ կուսակցությունը կհաղթահարի անհրաժեշտ շեմը, խորհրդարան կանցնի ու մի 5-6 մանդատ կստանա», — ասաց Հակոբյանը։

Փորձագետը վստահ է, որ այլ կուսակցության համար մի քանի պատգամավորական աթոռ ստանալը մեծ ձեռքբերում կլիներ, բայց ոչ նախկին իշխող կուսակցության համար։

Ըստ Հակոբյանի` հիմա կուսակցությունը փաստացիորեն մասնատվում է։ Այդ գործընթացը հետզհետե է՛լ ավելի անվերահսկելի է դառնում, ու, որպես հետևանք, ավելի շատ մարդիկ են իշխող կուսակցությանն աջակցություն հայտնում։

ՀՀԿ–ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. հայտնվել է նրանց նախընտրական ցուցակը. «Ժամանակ»

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին։ Միաժամանակ նշվել էր նաև, թե իբր հայտնի է նաև` ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ըստ տեղեկության` ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը։ Կուսակցությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ եթե կուսակցությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա առաջին դեմքերի այսպիսի ընտրությունը լիովին իրատեսական է։