Նախկին իշխող կուսակցությունը ճամփաբաժանին է. կհագնի՞ արդյոք ՀՀԿ–ն ընդդիմադիրի «կոստյումը»

Հայաստանի նախկին իշխանության կուսակցությունը երբեք միասեռ չի եղել. քաղաքական ուժի ներսում կան և՛ «հնաբնակներ», և՛ երիտասարդական թև։ Հնարավոր է` կուսակցության ներսում տարբեր մոտեցումներ կան խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել` կմասնակցի, թե ոչ գալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Կուսակցության ներսում քննարկումներ, բանավեճեր են ընթանում, և, Շարմազանովի խոսքով, ավելի շատ են մասնակցելու կողմնակիցները, և ավելի փաստարկված են նրանց ասածները, մյուս կողմն էլ ունի իր փաստարկները։

«Կուսակցությունը ժողովրդավարական ներքին քննարկումների կողմնակից է, և այդ քննարկումների արդյունքում կունենանք վերջնական որոշում։ Կարծում եմ, որ որոշումը կքննարկվի ոչ միայն Գործադիր մարմնի նիստում, այլ նաև կուսակցության լայն շրջանակների հետ», — Sputnik Արմենիային ասաց Շարմազանովը։

Նա ավելացրեց, որ մասնակցության դեպքում կուսակցությունը առաջին անգամ է որպես ընդդիմություն մասնակցելու ընտրություններին, և սա նոր իրավիճակ է, որտեղ այլ են ասելիքներն ու անելիքները։

Ինչո՞ւ ՀՀԿ–ն չպետք է մասնակցի ԱԺ ընտրություններին. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի կուսակցության առաջնորդը` նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, Շարմազանովը պատասխանեց, որ նա առայժմ նախընտրում է լսել կուսակցության մյուս անդամների կարծիքները։

ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե ՀՀԿ-ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և արդեն հայտնի են ցուցակում առաջին հինգ անձանց անունները, քաղաքական գործիչն անհեթեթություն և ապատեղեկատվություն անվանեց կամ, հնարավոր է, ինչ-որ մեկի պատվերը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով` ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, եթե նա հույս ունի լուրջ ներկայություն ունենալ երկրի քաղաքական դաշտում։ Միաժամանակ նախկինում, եթե ՀՀԿ-ն իր առաջ նպատակ է դրել մեծամասնություն ստանալ խորհրդարանում, ապա հիմա փոփոխել է իր խնդիրը։

«Առաջին հերթին, կուսակցության համար կարևոր է ոչ միայն մնալ քաղաքական դաշտում, այլ նաև խորհրդարանում պահպանել ներկայությունը, մասնակցել քննարկումներին, ինչ-որ այլընտրանքներ առաջադրել, քննադատել գործող իշխանությանը», — ասաց Մարգարովը։

Առայժմ դժվար է ասել` ՀՀԿ-ն կլուծի՞ այդ խնդիրը, թե՞ ոչ։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետի և «Իմ քայլը» դաշինքի աջակցության մակարդակը 80 տոկոսի սահմանում է։ Հետևաբար, եթե գալիք ընտրություններում վարչապետն ու նրա թիմը ստանան ոչ թե 80 տոկոս, այլ, օրինակ, 60 տոկոս, ապա մնացած 20 տոկոսը պետք է բաշխվի մյուս քաղաքական ուժերի միջև։

ՀՀԿ-ն նիստ է գումարել. քննարկվել են ներքաղաքական խնդիրներ

Մարկարովը կարծում է, որ կուսակցությունը պետք է աշխատի իր հեղինակության վրա։ ՀՀԿ ընդհանուր ընկալումը միշտ չէ, որ դրական է` անկախ նրանից, թե որքան ճիշտ բաներ են ասում դրա ներկայացուցիչները։

ՀՀԿ-ն երբեք միասեռ չի եղել, կուսակցության ներսում կան և՛ հնաբնակներ, և՛ երիտասարդ թև։ Հնարավոր է` կուսակցության ներսում տարբեր մոտեցումներ կան խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում։

Փորձագետը ենթադրում է, որ եթե ՀՀԿ-ն ամեն դեպքում մասնակցի ընտրություններին, ապա այդ քայլին կգնա համեմատաբար երիտասարդ կազմով։ Եվ բացառված չէ, որ կուսակցության երիտասարդացումը կարող է ինչ-որ մեկին դուրս չգալ։ Մարկարովը կարծում է, որ անբնական կլինի, եթե ՀՀԿ-ն հրաժարվի ընտրությունների մասնակցությունից։