Տավուշի փաստահավաք աշխատանքների արդյունքները ՄԻՊ-ը ներկայացրել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Բարձրացվել են նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Փաստահավաք աշխատանքներ Տավուշի սահմանամերձ գյուղերում. արտահերթ զեկույց կհրապարակվի

Ինչպես տեղեկացնում են պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ։ Բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։

Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։