Մայրն ու դուստրը մահացել են, հայրը հրաշքով փրկվել է. Կերչի ողբերգության նոր մանրամասները

Մահացած կանայք դասավանդել են Կերչի քոլեջում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է երկու տասնյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Սվետլանա և Նաստյա Բակլանովների անունները նշվում են Կերչի քոլեջում մահացած անձանց ցուցակում։

Ինչպես հաղորդում է Mash տելեգրամ ալիքը, Սվետլանա և Նաստյա Բակլանովները մայր ու դուստր են, երկուսն էլ դասավանդել են այդ քոլեջում։

Նշենք` երեկ Կերչի քոլեջում ինքնաշեն ռումբ է պայթել։ Միջադեպի փաստով սկզբում ահաբեկչության մասին էին քրեական գործ հարուցել, բայց ավելի ուշ պարզվել էր, որ քոլեջի ուսանողն է հրաձգություն սկսել ուսումնական հաստատությունում։ Քրեական գործը վերաորակավորվել է երկուսից ավելի անձանց սպանության հոդվածով։

Նշվում է, որ Սվետլանան ուսմասվար է աշխատել և 26 տարի քոլեջում մաթեմատիկա է դասավանդել։ Նրա դուստր Նաստյան հասարակագիտություն է սովորեցրել երեխաներին։ Նույն քոլեջում է աշխատել նաև ընտանիքի հայրը։ Հարձակման պահին նա եղել է նկուղում, ինչի շնորհիվ փրկվել է։

Արդեն հայտնի է, որ քոլեջում սպանդը կազմակերպել է չորրորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը։ Ղրիմի ղեկավար Աքսյոնովը հայտարարել է, որ հանցագործը դեպքի վայրում մենակ է եղել։ Ականատեսների խոսքով` ուսանողը չէր կարող միայնակ նման հանցագործություն կազմակերպել։

«Բոլորը սկսեցին ճչալ, կրակոցի ձայներ էին հնչում. նոր մանրամասներ`Կերչի քոլեջի պայթյունից

Հարձակման հետևանքով մահացել են 21 մարդ։ ՌԴ քննչական կոմիտեում նշել են, որ բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից։

Մի քանի տասնյակ մարդիկ են տուժել, 37-ին հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Պարզվել է, որ հրաձգություն սկսած տղան 2015 թվականի սեպտեմբերի մեկին է հաշվառվել քոլեջում։

Նա անվճար է սովորել ու կրթաթոշակ է ստացել։ Նախկինում երբեք ագրեսիա չի դրսևորել և ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։

Մեկ ամիս առաջ նա զենք պահելու իրավունք էր ստացել։ Զենքի արտոնագիրը վկայում է, որ տղան բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում` հոգեբույժի մոտ։