Ֆրանկոֆոնիան Հայաստանում. մինչև ընտրությունները ներդրումները ֆրանսերեն «չեն խոսի»

Գործարար համաժողովների և խոշոր միջազգային միջոցառումների անցկացումը բարձրացնում է երկրի հեղինակությունը, բայց առանց տնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության ներդրողները չեն գա Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ֆրակոֆոնիայի գագաթնաժողովը դարձել է 2018թ–ի ամենամասշտաբային միջազգային միջոցառումը Հայաստանում։ Գագաթնաժողովից բացի Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը Երևանում անցկացրել է նաև գործարար համաժողով։

Հայաստանը կփակի 2018թ–ի բյուջեի դեֆիցիտը նոր վարկով, բայց հանգիստ «կմարսի» այն

Sputnik Արմենիան Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի, գագաթնաժողովի և Հայաստանի ներդրումային գրավչության մասին զրուցել է փորձագետների հետ։

Տնտեսական վերլուծաբան, B4B կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը կարծում է, որ սովորաբար գործարար համաժողովները վնաս չեն տալիս, բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով են դրանք շահավետ։

«Օրինակ, Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համաժողովից հետո ամենաքննարկվող թեման Սոյֆա ռոբոտն էր։ Համենայն դեպս ես չունեմ ինչ–որ տեղեկություն կոնկրետ պայմանավորվածությունների կամ իրական հետաքրքրվածության մասին», – ասաց Թունյանը։

Նա նշեց, որ տվյալ պահին չունի ինչ–որ հատուկ լավատեսական սպասումներ։

«Հնարավոր է, որ երկրի ճանաչելիությունը բարձրացնելու, կապեր հաստատելու տեսանկյունից դա, անշուշտ, շահավետ է։ Բայց իրական արդյունքներ ստանալու համար ժամանակ է պահանջվում։ Հիմա դժվար է խոսել այդ մասին», – ասաց Թունյանը։

Գագիկ Ծառուկյանը 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է խոստանում, բայց բիզնեսով չի զբաղվելու

Նրա խոսքով` ներդրողներին ամենից շատ վախեցնում է քաղաքական անորոշությունը։ Դա զսպում է նրանց գործողությունները։

«Խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս արագ կազմակերպել, որովհետև մենք մի քանի ամիս գտնվում ենք ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակում։ Այդ իրավիճակն անորոշություն է ստեղծում նույնիսկ տեղի գործարարների համար, նրանք հետաձգում են իրենց որոշումները մինչև «խաղի կանոնները» պարզելը», – ասաց Թունյանը։

Իր հերթին տնտեսագետ, «Այլընտրանք» կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ նման միջոցառումները կարող են միայն նպաստել գործընթացներին, որոնք ուղղված են երկրի վարկանիշը բարձրացնելուն, բայց ոչ ավելին։

«Եթե տնտեսական հատվածի համար պատասխանատու անձինք իրենցից կախված ամեն ինչ չանեն, ակտիվ չլինեն, ապա ամեն ինչ այդպես էլ կմնա հնարավորությունների մակարդակում», – ասաց Մանասերյանը։

Միաժամանակ ցանկացած նման միջոցառում, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումը, հնարավորություն է տալիս զարգացնել գործարար կապերը, զարգացնել դրանք և հիմք ստեղծել նոր նախագծերի համար։

«Ցավդ տանեմ». հայ քիմիկոսներն օգնում են ատամնաբույժներին ու վերացնում տաքսիստների ցավերը

Փորձագետը բացառում է, որ մինչև ընտրությունները տեղի կունենան ինչ–որ զգալի փոփոխություններ ներդրումների ոլորտում։

«Հասարակությունն էլ, ներդրողների պես, սպասողական վիճակի մեջ է, կարծում եմ` դրական։ Եթե դեկտեմբերից հետո բարեփոխումները շարունակվեն, և հեղափոխությունը վերջնականապես հաղթի, ապա երկրում կձևավորվի որակապես նոր իրավիճակ` գրավիչ ներդրումների համար», – ասաց Մանասերյանը։

Տնտեսական գիտությունների դոկտոր, Ռուս–հայկական համալսարանի էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը նույնպես կարծում է, որ ցանկացած միջազգային իրադարձություն դրական է երկրի ճանաչելիության առումով։

Սակայն այդ միջոցառումները չեն կարող հրաշալի կերպով արմատապես փոխել տնտեսական իրավիճակը։

«Դա միայն հնարավորություն է, որը պետք է ճիշտ օգտագործել», – նշեց Ոսկանյանը։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մի քանի միջոցառում անցկացվեց․ գործնական ֆորում, ցուցահանդեսներ ու համերգներ, Ֆրանկոֆոնիայի երկրների ու տարածաշրջանների ցուցադրում։