Յուրի Խաչատուրովի գործը չպետք է ազդի ՀԱՊԿ հեղինակության վրա. Մնացականյան

ՀԱՊԿ–ի կանոնակարգը պետք է նախատեսի գլխավոր քարտուղարին հետ կանչելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործը չպետք է անդրադառնա կազմակերպության հեղինակության վրա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Որտե՞ղ է հիմա Խաչատուրովը. պատասխանում է ՀԱՊԿ շտաբի պետը

Նա ավելացրեց, որ այդ հարցով քննարկումներն ու խորհրդատվությունները շարունակվում են։

«Հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում տարբեր պատճառներով, և կառույցը պետք է պատրաստ լինի դրան», — ընդգծեց Մնացականյանը։

Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը, նախարարի խոսքով, զուտ ներքաղաքական հարց է. «Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից արել է այն, որպեսզի մեր ներքաղաքական գործընթացը չազդի կազմակերպության վրա, և մեզ համար կազմակերպության հեղինակությունը նույնքան կարևոր է, որքան մյուս անդամների»:

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Այն ժամանակ Խաչատուրովը ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետն էր։ Ավելի ուշ նա նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Հուլիսին նրան Երևան էին կանչել հարցաքննելու ու կալանավորել էին։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել գրավի դիմաց։