ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Միջոցառման հաջողության գլխավոր ցուցանիշը լեփ–լեցուն սրահն է, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար Օլգա Կոլևան։
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը այսօր` հոկտեմբերի 18–ին, Երևանում գործարկել է SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը, որի շրջանակում տեղի է ունեցել Օլգա Կոլևայի «Ժամանակակից մամուլի կենտրոնը. մամուլի հետ շփման լեզուն» վարպետության դասը Հայաստանում գործող մամուլի կենտրոնների ղեկավարների ու պրոդյուսերների համար։
«Մամուլի կենտրոնը միայն սեղանը, խոսափողը չէ։ Միջոցառման հաջողվածության գլխավոր ցուցանիշը լրագրողներով լի սրահն է», – ասաց Կոլևան։
Անդրադառնալով «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի աշխատանքին` նա նշեց, որ այն նորագույն տեխնոլոգիական, ունիվերսալ տեղեկատվական հարթակն է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհում։
«Մեզ մոտ միաժամանակ գործում են վեց մամուլի սրահներ։ Ամեն տարի մենք կազմակերպում ենք մոտ 1800 մամուլի միջոցառում։ Մեկ օրվա ընթացքում` մինչև 16 միջոցառում», – ասաց Կոլևան։
Մամուլի կենտրոնները պետք է առավելագույն կերպով հարմարավետ դարձնել հեռարձակման համար։ Նման հարթակները թույլ են տալիս միայն չսահմանափակվել մամուլի ասուլիսներով ։
«Մամուլի կենտրոնը յուրահատուկ բան է։ Դա հեռուստատեսություն չէ, որտեղ հնարավոր է մոնտաժ, tet-a-tet հարցազրույց չէ։ Կարևոր է հաշվի առնել այն, թե խոսնակը ինչ տեսք կունենա ոչ միայն մամուլի կենտրոնում, այլ նաև էկրաններին» , – ասաց Կոլևան։
Նա նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն միջոցառման հյուրին, այլ նաև լրագրողներին։ Մեկ տարում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի մամուլի կենտրոն է այցելել մինչև 800 հազար մարդ։ Հետևաբար, մամուլի հետ աշխատանքը նույնպես կարևոր է մամուլի կենտրոնների ղեկավարների համար։
«Եթե հնարավորություն կա, կարելի է աշխատելու հնարավորություն ստեղծել լրագրողների համար։ Թող լինի թեկուզ մեկ աշխատանքային համակարգիչ, որը թույլ կտա գործընկերների մտածել, որ այդ մարդուն այստեղ սպասում են, ուրախ են տեսնել նրան», – ասաց Կոլևան։
Հատուկ դեր է խաղում նաև մոդերատորը, որը կատարում է մամուլի ասուլիսի ռեժիսորի գործառույթը։ Մամուլի ասուլիս անցկացնելու համար կարևոր է նաև ճիշտ ընտրել տեղեկատվական առիթը։
«Միջոցառումները պետք է հետաքրքրեն լրագրողներին։ Խոսնակը պետք է հրավիրվի ճիշտ պահին, երբ տեղի են ունենում ինչ–որ կարևոր իրադարձություններ», – ասաց Կոլևան։
Հիշեցնենք` SputnikPro ծրագիրն իր առաջին կրթական սեմինարն անցկացրել է ապրիլի 10-ին։
Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։
Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: