ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայ ծրագրավորողների նոր ուսուցանող համակարգչային խաղը` հակահրդեհային անվտանգության մասին ներկայացրել են դպրոցականների և Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար։
Շնորհանդեսին ներկա էին եղել Արմավիրի մարզի դպրոցների աշակերտները։ Երեխաներն անկեղծորեն ոգևորված էին Դավթի արկածներով, որը պայքարում է կրակի դեմ, և որոշել են փորձարկել խաղը միջոցառման պաշտոնական մասից հետո։
Նրանք վստահ են` խաղի հաջորդ մակարդակ անցնելուն զուգահեռ նրանց գիտելիքները հրդեհային անվտանգության մասին ավելի կխորանան։
Այդ մասին երեխաները պատմեցին ոչ միայն Sputnik Արմենիայի թղթակցին, այլ նաև Հայաստանի նախագահի տիկին և հայտնի մանկագիր Նունե Սարգսյանին։
Խաղը մշակողների վիճակագրության համաձայն` այն ավելի շատ հետաքրքրել է աղջիկներին, որքան էլ տարօրինակ թվա։ Սարգսյանը կարծում է, որ դա կապված է հայ աղջիկների բնածին հետաքրքրասիրության, ուժի և խելքի հետ։
Նունե Սարգսյանը խաղն արդյունավետ միջոց է համարում երեխաների ուսուցման համար և նշում կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների և համակարգչային ծրագրերի ինտեգրման կարևորությունը։
«Խաղն այնքան հետաքրքիր է, որ ես կփորձեմ շարժել թոռներիս հետաքրքրությունը։ Վստահ եմ, որ նրանց դուր կգա։ Կարծում եմ, որ ես էլ կխաղամ», – ասաց մանկագիրը։
Իր հերթին ծրագրավորողների խմբի ղեկավար Սուրեն Ալոյանը խոստովանեց, որ անձամբ բազմիցս խաղացել է այս խաղը, և այն իրեն նույնպես շատ դուր է եկել։ Ընդհանուր առմամբ խաղը կազմված է երեք փուլից` հրդեհային անվտանգությունն անտառում, տրանսպորտում և փակ տարածքներում։ Խաղի բետա-վարկածը փորձարկել են երեք շաբաթվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում խաղացել են 118 անգամ։