Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Նա սրտի ցավով է տեղեկացել լուսանկարչի մահվան մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը»,– նշել է նա։

Փաշինյանը ցավակցություն է հայտնել մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում։

Նշենք, որ 90 տարեկան պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է Ստամբուլում։