«Փողային» արդարադատությունը Հայաստանում․ ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանի դեպքը յուրահատուկ

Առանցքային պաշտոններ զբաղեցնող և օրենքի հետ խնդիրներ ունեցող մարդիկ քննչական մեկուսարանում հայտնվելուց հետո շատ արագ ազատ են արձակվում՝ աստղաբաշխական գումարներ վճարելով որպես գրավ։ Այդ փորձը շրջանցել է պատգամավոր Մանվել Գրիգորյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վերջին ամիսների աղմկահարույց բացահայտումներն ու քրեական պատմությունները բավական հստակ տենդենց են ուրվագծում։ Նախկինում առանցքային պաշտոններ զբաղեցրած և օրենքի հետ խնդիրներ ունեցող մարդիկ քննչական մեկուսարանում հայտնվելուց հետո շատ արագ ազատ են արձակվում՝ աստղաբաշխական գումարներ վճարելով որպես գրավ։

Սոցիալական ցանցերում հայտնի անեկդոտը, որի համաձայն` «կոռուպցիայի դեմ պայքարը նման է ձկնորսության մասին հեռուստահաղորդման․ բռնեցի, ցույց տվեցի, բաց թողեցի», լիովին համապատասխանում է հայկական իրողություններին։

Մանվել Գրիգորյանին դանդաղ մահվան են դատապարտել. ահազանգում է փաստաբանը

Այդ «դրամական» արդարադատությունը լայնորեն փորձարկվում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո։ Գլխավորելով իշխանությունը՝ վարչապետը մի շարք աղմկահարույց գործընթացներ է նախաձեռնել, որոնց էությունը, ըստ իրեն, «ավգյան ախոռները» մաքրելն է եղել, իշխանության վերին օղակներում կոռուպցիան վերացնելը։

Նշանառության տակ հայտնվել են մարդիկ, որոնք տարիներով անձեռնմխելի են համարվել․ Սերժ Սարգսյանի «ամենազոր» եղբայրը, նրա որդին, նախկին նախագահի թիկնազորի պետը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը («Վստրեչի Ապեր») և այլն։ Բայց հաշված օրեր կամ շաբաթներ անց բոլորը կրկին հայտնվել են ազատության մեջ՝ գրավ վճարելով։

Այդ վիճակագրության մեջ չի տեղավորվել պատգամավոր և գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նրա բախտն ավելի քիչ բերեց, քան մյուս «ընկերներինը»։ Ունենալով ծանր հիվանդությունների մի ամբողջ խումբ՝ Մանվել Գրիգորյանը մինչև հիմա մնում է կալանքի տակ ։ Ինչպես կարծում են Գրիգորյանի փաստաբանները, պատգամավորի նկատմամբ իրականացվում է ընտրողական արդարադատություն։

Փորձեցինք պարզել փաստաբան, մարդու իրավունքների հայտնի փորձագետ Արա Ղազարյանից, թե որն է տարբերությունը պատգամավորի և աղմկահարույց քրեական գործերի մյուս մասնակիցների միջև։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում իրավաբանը, առաջին հերթին, ճիշտ համարեց գրավ կիրառելու փորձը։ Նա 20 տարի շարունակ խոսել է նման հնարավորություն կիրառելու անհրաժեշտության մասին։

«Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են». ՀՔԾ պետ

«Իսկապես վերջին շրջանում գրավը սկսել են ավելի հաճախ կիրառել, դա ընդհանուր առմամբ ողջունելի է։ Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ փորձը չի տարածվում Մանվել Գրիգորյանի վրա։ Չեմ կարծում, որ Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց օգտագործելն անհրաժեշտություն է։ Նա ոչ մի տեղ չի հեռանա․ քննությունից խուսափելու հնարավորությունը հանգում է զրոյի», — ասաց փաստաբանը։

Նրա կարծիքով՝ քննադատության չի դիմանում նաև վարկածը, որի համաձայն Գրիգորյանը կարող է ազդել քննության ընթացքի վրա, ճնշում գործադրել վկաների վրա և այլն։ Եթե դրան ավելացնենք Գրիգորյանի առողջական վիճակը, ապա իսկապես կալանքը խափանման ամենաադեկվատ միջոցը չէ քրեական դատավարության տվյալ փուլում։

Մեր զրուցակիցը հակված է նրան, որ Մանվել Գրիգորյանի դեպքում տեղ է գտել ընտրողական արդարադատությունը։ Համենայն դեպս հասարակությունն առայժմ հստակ պատասխան չի լսել հարցին, թե ինչու Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ, իսկ մարդիկ, որոնց առաջադրվել են ոչ պակաս ծանր մեղադրանքներ, ազատվել են կալանքից։

Հնարավոր է, որ այստեղ դեր է խաղացել բարոյահոգեբանական գործոնը։ Մարդկանց ընկալմամբ Գրիգորյանը ոտնձգություն է կատարել սրբության՝ բանակի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է պարենամթերք, դեղորայք և ավտոմոբիլային տեխնիկա յուրացնելու մեջ, որը հավաքվել էր ամբողջ աշխարհից բանակի համար 2016թ-ի ապրիլյան պատերազմի օրերին։ Մարտական գործողություններից երկու տարի անց տոննայով պարենամթերքը, որն այդպես էլ չի հասել հասցեատերերին, գտել են գեներալի առանձնատներում։ Դա ամենից շատ է զայրացրել հասարակությանը։

Մանվել Գրիգորյանն ու Էդուարդ Շարմազանովը հանդիպել են. նա խոսել է «տուշոնկաների» մասին

Ղազարյանի կարծիքով՝ Գրիգորյանին բաժին է ընկել շանթարգելի դերը։ Այնպես է ստացվել, որ հենց գեներալն է իր վրա վերցրել նոր իշխանության առաջին և հզոր հարվածը՝ հասցված հին համակարգին։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպանությունը շարունակում է պնդել, որ պատգամավորին կալանքի տակ պահելը նրա առողջական վիճակի դեպքում կտտանք է։ Փաստաբաններն այդ ընթացքում բազմիցս բարձրացրել են խափանման միջոցը փոխելու հարցը, սակայն քննչական մարմիններն անտեսել են նրանց խնդրանքներն ու պահանջները։