Հայկական կոնյակը պետք է պաշտպանել կեղծիքից, պետք է պաշտպանենք մեր ապրանքանիշը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խաղողի այգիների մշակման կուլտուրան ևս պետք է բերել պատշաճ մակարդակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայկական կոնյակը պետք է պաշտպանել կեղծիքներից։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հայկական կոնյակի համբավը տարածվում է ԱՄՆ–ում. գործարարը հարցազրույց է տվել Forbes–ին

Նա ավելացրեց, որ կառավարությունը պետք է աջակցի գինի և կոնյակ արտադրողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։

Միաժամանակ պետք է հետևել, որ կոնյակի արտադրության մեջ ներմուծված խաղողի (նույնիսկ ոչ խաղողի) սպիրտեր չօգտագործվեն։ Փաշինյանն ընդգծեց, որ նման արտադրանքը կոնյակ չի համարվում ու չի կարող համարվել։ Այն արտասահմանյան գնորդների մոտ կասկած է առաջացնում ու վնասում է հայկական արդյունաբերության հեղինակությանը, հատկապես այնպիսի ճանաչված ապրանքների, ինչպիսին գինին ու կոնյակն են։

Նա ընդգծեց, որ այդ պատճառով էլ խաղողի այգիների մշակման կուլտուրան ևս պետք է բերել պատշաճ մակարդակի։

Հիշեցնենք` Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տեղեկությունների համաձայն`նախկինում կոնյակի սպիրտի ներմուծումը կոնյակի արտադրության 40%-ն է կազմել։ 2018 թվականի մայիսից հետո ներկրումը շարունակվում է, բայց ավելի փոքր ծավալով (արտադրության 5-6%)։