ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը։ Քննիչները փաստաթղթեր, տարբեր պայմանագրեր, սեփականության վկայականներ են փնտրել, սակայն չեն գտել։
«Հետքերը թերևս վաղօրոք էին մաքրվել»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի` այդուհանդերձ, հաջողվել է տեղեկություններ ստանալ Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի համատեղ կասկածելի որոշ գործարքների մասին՝ մի քանի միլիոն դոլարի հասնող շենքերի, բիզնեսների տեսքով։
«Կասկածներ կան, որ Գևորգյանի և նրա մտերիմների անունով գրանցված ունեցվածքի մի մասը իրականում պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արմեն Գևորգյանն իր ունեցվածքի մի մասը ձևակերպել է հոր անունով»,- նշված է հոդվածում։
Թերթի տվյալով` որևէ տեղ չաշխատող ու թոշակառու նրա հայրը ներկայումս բնակվում է Հյուսիսային պողոտայում, մեկ միլիոն դոլար արժեցող բնակարանում, իսկ 2008-ին էլ մեկ միլիոն դոլարի ներդրում է արել Մայրապետյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունում։