Մոր ու աղջկա վրա ավազակային հարձակում կատարելու գործով հարուցվել է քրեական գործ

Քրեական գործով Արագածոտն համայնքի բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեկ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք`2018թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված երկու անձինք, օգտվելով տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Արագածոտն համայնքի տներից մեկը, հարձակվել տանը այդ պահին գտնվող կանանց՝ մոր և դստեր վրա, քաշքշել, ձեռքերով հարվածել նրանց:

Արտակարգ դեպք Արագածոտնում. բժշկական դիմակներով անձինք փորձել են թալանել կանանց

Վերջիններիս կողմից ցուցաբերված դիմադրության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի դիմակն ընկել է դեմքից և նրանք, առանց պահանջ ներկայացնելու, դիմել են փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է բժշկական դիմակ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քրեական գործով Արագածոտն համայնքի բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: