ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Կերչի քոլեջում ահաբեկչություն է իրականացրել նույն կրթօջախի չորրորդ կուրսի ուսանողը։ Ըստ RT-ի, որ այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։
Պայթյունը որոտացել է այսօր` հոկտեմբերի 17-ին, քոլեջի ճաշարանում։ Սարքի մեջ մետաղական առարկաներ են լցված եղել։
Mash տելեգրամ-ալիքը հայտնում է, որ կասկածյալի դիակը գտել են քոլեջի շենքում, նա ինքնասպան է եղել։
Նշենք, որ նախնական տվյալով` պայթյունի հետևանքով մահացել են 17 մարդ, տուժել` մոտ 50-ը, մեծ մասը դեռահասներ են։
ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ Կերչի քոլեջում որոտացած պայթյունն ահաբեկչություն է։
Քրեական գործ է հարուցվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է` ինչ է կատարվել Ղրիմում։ ՌԴ նախագահը հրահանգել է տուժածներին տեղավորել երկրի բուժհաստատություններում։
Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։