Երեխաները՝ պոլիէթիլենի տոպրակում. ցնցող դեպք Գյումրիում

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան բակում պահակը նորածին տղա երեխաների է գտել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում:

Հայտնի է` ով է սարսափելի պայթյունն իրականացրել Ղրիմի քոլեջում. լուսանկարներ

Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում պահակը նորածին տղա երեխաների է գտել: Տղաները փաթաթված են եղել պոլիէթիլենի թաղանթով: Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Գյումրուց, երեխաներին հայտնաբերած պահակը արագ տեղեկացրել է ոստիկանությանը, որի ծառայողները տեղում պարզել են, որ երեխաները նորմալ վիճակում են:

Տղաները, նախնական դիտարկմամբ, 2-10 օրական են: Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզպետարանի  ընտանիքի, կանանց  և երեխաների իրավունքների պաշտպանության  բաժնի  պետ Լիլիթ Գորգինյանը և բաժնի աշխատակիցները: Նրանք անմիջապես երեխաներին լողացրել են և կերակրել:

«Տղա երեխաներ են, երկուսից տասը օրական. այս պահին չենք կարող ասել՝ եղբայրներ են, թե՝ ոչ: Նրանց վիճակը նորմալ է, որևէ բռնության հետք չկա»,- Sputnik Արմենիայի թղթակցին փոխանցել է Շիրակի մարզպետարանի  ընտանիքի, կանանց  և երեխաների իրավունքների պաշտպանության  բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Ըստ մեր թղթակցի, անհետաձգելի միջոցառումներից հետո մարզպետարանի և ոստիկանության աշխատակիցները երեխաներին տեղափոխել են այլ անվտանգ վայր, որի մասին ինֆորմացիան այս պահին հրապարակման ենթակա չէ: