ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում Իրաքի դեսպանությունը «Դիվանագիտական ակումբի» հետ համատեղ նախաձեռնություն կիրականացնի, որի նպատակը մեկն է` օտարերկրյա դեսպանություններին համախմբել մեկ հարկի տակ և ստեղծել Դիվանագիտական ֆուտբոլային թիմ։
«Խաղը սպորտի միջոցով խաղաղություն քարոզելու նպատակ ունի։ Փորձելու ենք աշխարհին կենտրոնացնել ու ցույց տալ, որ, բացի քաղաքականությունից, մենք փորձում ենք խաղաղություն քարոզել սպորտի միջոցով»,- այսօր լրագրողներին ասաց «Դիվանագիտական ակումբի» հիմնադիր Լևոն Դավթյանը։
Առաջին ֆուտբոլային հանդիպումը կանցկացնեն «Ամբասադոր» ֆուտբոլային թիմն ու ՀՀ արտգործնախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբը:
«Քանի որ 21-րդ դարում խաղաղությունը դեռևս մնում է ամենաարդիական խնդիրը, բնականաբար, ինչ-որ ուժեր պետք է կենտրոնացնենք, որպեսզի տարբեր ձևերով կարողանանք քարոզել այդ գաղափարը: Այսօր առաջին անգամ մի թիմում կհավաքվեն տարբեր երկրների դեսպաններ, և սա աննախադեպ իրավիճակ է, որը երբևէ չի եղել դեռևս»,- ասաց ակումբի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը:
Նախաձեռնության շրջանակում անցկացվող ֆուտբոլային առաջին հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում: