Սյունիքում սարսափելի ավտովթարի զոհ դարձած ընտանիքի մասին մանրամասներ են ի հայտ եկել

Հայրը, մայրը և 3 տարեկան երեխան ավտովթարի զոհ են դարձել Կապանից Ագարակ տանող ճանապարհին։ Երիտասարդ հայրը ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակից էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Երևան Մեղրի ճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել են 1988 թվականին ծնված Ցոլակ Խաչատրյանը, նրա կինն ու 3 տերական երեխան։

Սարսափելի ավտովթար Սյունիքում. մահացել են հայրը, մայրը և 3 տարեկան երեխան. լուսանկարներ

Հիշեցնենք, որ ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել էին Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 07-ի վարորդը, նրա կինն ու երեխան տեղում մահացել էին։

ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Խաչատրյանն աշխատում էր Մեղրիի սահմանապահ ջոկատում։ Նա արձակուրդ էր վերցրել և ընտանիքի հետ Կապանից Ագարակ էր ուղևորվում։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթարը։

«ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում են Խաչատրյանների ընտանիքի հարազատներին։ Միջոցառումներ են ձեռնարկվում ընտանիքին ամեն կերպ աջակցելու համար»,- հայտնեցին մամուլի ծառայությունից։

Scania մակնիշի բեռնատարի վարորդը, որն իրանցի է եղել, փորձել է փախչել, սակայն նրան բերման են ենթարկել։