Եթե խորհրդարանը չհասցնի ընդունել 2019թ.–ի պետական բյուջեի նախագիծը, հունվարի 1-ից թոշակների ու նպաստների բարձրացում չի լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Խնդիրը վերաբերում է կենսաթոշակներին ու անապահովության նպաստների հավելումներին, որոնցով դրանք պետք է բարձրացվեին մինչև պարենային նվազագույն զամբյուղի մակարդակը` 16 000–ից հասցվելով մինչև 25 500 դրամ»,– ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքով, թեև բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանվում է, որ գործող ԱԺ–ը նույնիսկ արձակվելուց հետո պետք է շարունակի ֆինանսական հիմնական փաստաթղթի քննարկումը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, բայց ստեղծված քաղաքական իրավիճակում շատ հավանական է, որ խորհրդարանի նիստերը չկայանան, բյուջեի նախագիծն էլ չհաստատվի։